հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սարյան փողոցում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է իրականացվում

Սարյան փողոցում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է իրականացվում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ 2022թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցը, ընդգրկված լինելով ծառայությունում և իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, Երևան քաղաքի Սարյան փողոցից դեպի Պուշկին փողոց շարժվող քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներին ներկայացրել է երթևեկելի գոտին ազատելու օրինական պահանջ, ինչից հետո նույն երթի մասնակիցը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում ծառայողական պարտականությունների հետ կապված բռնություն գործադրել՝ ձեռքով հարվածել է Ոստիկանության ծառայողի դեմքին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: