երեքշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2024
Սամվել Վարդանյանին մեղադրանք առաջադրվեց 2 հոդվածով, դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն․ փաստաբան

Սամվել Վարդանյանին մեղադրանք առաջադրվեց 2 հոդվածով, դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն․ փաստաբան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր  Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Սամվելին արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Դա նշանակում է, որ դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն։ Դատավորի, նիստի ժամի մասին տեղեկություն առայժմ չունենք։ Ունենալուն պես՝ ես կամ Վարազդատ Հարությունյանը կհայտնենք հանրությանը»,- գրել է նա։

ՔԿ-ի առաջ լրագրողների հետ զրույցում  Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց նաև, որ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքով, այդպիսի ծանր հանցագործության մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, ուստի մենք ենք հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: 

Նա նշեց, որ արդեն իրավապահ մարմինները չեն կարող ականջներն ու աչքերը փակել, Սամվել Վարդանյանն էլ մանրամասն ցուցմունք է տվել։ Նա նաև անդրադարձավ նրան, որ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա ընդդիմադիրների նկատմամբ գործ, օրինակ, հարուցվում է։

«Երեկ 13։10-ից ես և իմ գործընկերը հրապարակավ մեզ «ճղում էինք», որ այսպիսի ահասարսուռ դեպք է տեղի ունեցել, սա քաղաքական պատվերով կատարած այլանդակություն է բանդայի կողմից։ Չգիտեմ՝ ովքեր են այդ բանդայի մեջ եղել՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հնարավոր է՝ օլիգարխի թիկնապահներ, չեմ կարող ասել՝ կպարզվի»,- ասաց նա։

Մելիքյանի խոսքով՝ հոդվածը լրացվել է, որ կարողանան իր վստահորդին կալանավորել։

«Միայն խուլիգանության հիմքով կալանավորում չկա, ուստի նրանք 329 հոդվածի 3-րդ կետով էլ են մեղադրանք առաջադրել, որ կալանավորելու հիմք լինի։ Այսպես ասեմ՝ մեղադրանքը լրացվել է Արմեն Գրիգորյանի և Նարեկ Մալյանի հոդվածով՝ քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է, և խոչընդոտը վերացվել է կալանքի միջնորդություն ներկայացնելով։ Չեմ կարող պաշտոնապես ասել, բայց դրա հավանականությունն այս փաստից հետո, հասկանում եք, թե որքան է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նա տեղեկացրեց, որ Սամվել Վարդանյանն այս պահին Շենգավիթի դատարանում է և որ դատարան միջնորդություն կարող է ներկայացվել ոչ միայն կալանքի, այլև տնային կալանք վարչական հսկողության։

«Մենք չենք ստացել միջնորդությունը, չգիտենք տնային կլինի թե բանտային», - նշեց նա։

Ըստ Մելիքյանի՝ այս գործը 100 տոկոս քաղաքական է, քանի որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունով հենց ուղղորդում ու հանձնարարություն է տրվել իրավապահ մարմիններին։

  • Կիսվել: