երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սահմանադրական խորհուրդը սպասում է վարչապետի ստորագրությանը․ նախարար

Սահմանադրական խորհուրդը սպասում է վարչապետի ստորագրությանը․ նախարար

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իր աշխատանքները կսկսի վարչապետի ստորագրությունից հետո։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Մենք սպասում ենք վարչապետի ստորագրությանը, որովհետև մրցութային ձևով արդեն ընտրվել է հասարակական կազմակերպությունների և արտախորհրդարանական ուժերի կազմը։ Կային որոշակի չափանիշներ, որոնցով մենք ընտրել ենք, արտախորհրդարանական կուսակցությունների դեպքում չափանիշն էր վերջին 5 տարում երկու համապետական ընտրություններում մասնակցությունը։

Եվ, ցավոք, այդ իմաստով մենք նույնիսկ ունեցանք մեկ թափուր տեղ, որովհետև այն կուսակցությունները, որոնք մասնակցել էին, ոչ բոլորը հայտեր ներկայացրեցին, իսկ նրանք, ովքեր հետաքրքրված էին, չհամապատասխանեցին պահանջին։ Հասարակական կազմակերպությունների դեպքում մենք ունեինք 7 հասարակական կազմակերպությունից հայտ, որոնցից 2-ը թերի էին ներկայացրել փաստաթղթերը։

Մենք նույնիսկ իրենց ժամկետ տվեցինք՝ այդ թերությունը շտկելու, բայց չշտկեցին։ Եվ մենք ընտրությունը կատարել ենք 5 կազմակերպություններից, ընտրվել են 3-ը՝ հաշվի առնելով հարապարակված չափանշները՝ փորձը, սահմանադրական ոլորտում մասնագիտական աշխատանքները»,- ասաց նա։

Ըստ Կարեն Անդրեասյանի՝ աշխատակարգը ներկայացված է վարչապետին, և ամեն օր սպասում են ստորագրմանը, որպեսզի խորհուրդն սկսի իր աշխատանքները։

  • Կիսվել: