շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվում է «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն և «արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերանայում

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվում է «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն և «արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերանայում

«Ազատության» տրամադրության տակ է Արդարադատության նախարարությունից Կառավարություն ուղարկված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է մայր օրենքում ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն և «արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերանայում»։

Գործող Սահմանադրությամբ ընտրական արգելապատնեշը հաղթահարած ցանկացած կուսակցություն կամ դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել խորհրդարան անցած այլ՝ առավելագույնը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մեծամասնություն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի հարցում: Հիմա իշխանությունն առաջարկում է չսահմանափակել կոալիցիայի մասնակիցների թիվը։ Առաջարկվում է անցում կատարել «իշխող մեծամասնության և կառավարություն ձևավորելու այնպիսի համակարգի, որը հիմնված կլինի միջկուսակցական դաշինքների և քաղաքական երկխոսության վրա»։

Նախագիծն առաջարկում է հրաժարվել գործող Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից՝ փաստարկելով, թե «կայունությունն ունակ է առաջացնել քաղաքական ու տնտեսական լճացում»։

Ըստ այդմ, առաջարկվում է Սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն, որը Հայաստանում երբեք չի կիրառվել։ Դրան հասնելու համար առանձնացվում է երկու տարբերակ՝ մեկով երկրի նախագահը կարող է Ազգային ժողովի առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, երկրորդ՝ կիրառել Երևանի քաղաքապետի ընտրության մոդելի նման իրավական ռեժիմ և որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին, այլ կերպ ասած՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորել օրենքի ուժով, առանց որևէ միջնորդի։

Նախագիծը դիտարկում է նաև երրորդ տարբերակ, որը բացառում է փոքրամասնության կառավարության հնարավորությունը․ այս դեպքում խորհրդարանը պետք է արձակվի իրավունքի ուժով այնքան, քանի դեռ որևէ մեկը չի ստանա մեծամասնություն կամ չի ձևավորվի կոալիցիա։

  • Կիսվել: