Ռուսաստանում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը
Ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին։
Տելեգրամյան ալիքներում նշվում է, որ Միհրան Պողոսյանին կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 19-ի կեսօրին, Մոսկվայի Տվերսկայա փողոցում․
«Նրա մոտ փախստականի վկայական է եղել։ Նրա ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական ապարատին, առաջիկայում Միհրան Պողոսյանին սպասվում է արտահանձնում: Ընդ որում, նախկինում Պողոսյանին արտաքսելու պահանջը ռուսական կողմը մերժել էր»։
Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ 2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում` իրավապահների հսկողության տակ։
2019թ.- ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։
2022թ․- ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։