հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուբեն Մելիքյանը Ալեն Սիմոնյանի խոսքը սպառնալիք է որակում

Ռուբեն Մելիքյանը Ալեն Սիմոնյանի խոսքը սպառնալիք է որակում

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությունները որակում է ուղիղ սպառնալիք:

Նա, մասնավորապես, իր ֆեյսբուքի էջում գրել է. «Սա ուղիղ սպառնալիք է «քաղաքական դիրքորոշում» արտահայտել չվախեցող քաղաքացիներին և հոգևորականներին։ Ինչ-որ «հետևությունների» մոտիկից ծանոթանալու սպառնալիքներ-բան…

Հուսով եմ՝ Հայաստանի թրքացման դեմ պայքարող ուժերի՝ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին խոստումները իրական են։

Այսօր 15:30-ին լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի երկիրը վարի տված այս լկտիներին իրենց ճիշտ տեղը ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ցույց տրվի։ Ու ո՛չ խոսքով»։

Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, ասաց. «Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերությունները չեն վախենում քաղաքական դիրքորոշում հայտնել։ Ժամանակին թե այդ ընկերությունները, թե շոուբիզնեսի հայտնիները, որոնք վախենում էին մի հատ ծպտուն հանեին, թե որոշ եկեղեցականներ, որոնք վախենում էին քիթը իրենց սև քողերի տակից հանեին։ Մենք ենք «մեղավոր»։ Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և այդ խավերը շատ մոտիկից այդ հետևություններին կծանոթանան»։

  • Կիսվել: