«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» քաղաքացիական գործը կասեցվել է
Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, կասեցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը։ Այս մասին տեղեկացնում են Քոչարյանի պաշտպանական խմբի մամուլի ծառայությունից:
«Հիմքն այն է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ասում է՝ վարույթը կասեցվում է, եթե կա մեկ այլ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործ, առանց որի քննության անհնար է այս գործի քննությունը։ Հիմա դատարանն այդ հիմքում կասեցրել է»,- հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետեւյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ եւ՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, եւ՛ …»: