հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քրեական գործը կլինի՝ ամեն ինչ պարզ կդառնա․ Արմեն Փամբուխչյանը՝ զինվորական կացարանում բռնկված ողբերգական մասին

Քրեական գործը կլինի՝ ամեն ինչ պարզ կդառնա․ Արմեն Փամբուխչյանը՝ զինվորական կացարանում բռնկված ողբերգական մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը չի կարծում, որ իշխանությունը ձախողում է առանձին ոլորտների կառավարումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փամբուխչյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհին։

«Կառավարության նիստում ամեն ինչ հայտարարվեց պատասխանատվության մասին։ Կան երկու տեսակի պատասխանատվություններ՝ պաշտոնանկություններ եւ քրեական պատասխանատվություն։ Քրեական գործը կլինի՝ ամեն ինչ պարզ կդառնա»,- նշեց նա։

Փամբուխչյանը նաեւ անպատասխան թողեց հարցը, թե այս իրավիճակում արդյոք Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տա, թե՝ ոչ։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Կառավարության նիստին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել։

  • Կիսվել: