ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քոչարյանի ընտանիքի անդամները գործով մեղադրյաների հետ շփման մեջ են եղել, մարդկանց վրա ազդելու ռիսկը մեծ է․ դատախազ

Քոչարյանի ընտանիքի անդամները գործով մեղադրյաների հետ շփման մեջ են եղել, մարդկանց վրա ազդելու ռիսկը մեծ է․ դատախազ

Քոչարյանի ընտանիքի անդամները գործով մեղադրյաների հետ շփման մեջ են եղել, մարդկանց վրա ազդելու ռիսկը մեծ է։ Այս մասին այսօր դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի վերաբերյալ բողոքը քննելու ժամանակ հայտարարեց Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

«Այս գործով վկաներից ոմանք աշխատել են Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ, և դա ևս մեծացնում է նրա կողմից այդ մարդկանց վրա ազդելու ռիսկը»,- ասաց նա։

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Դատախազի խոսքով՝ «Քոչարյանի կողմից գործի վրա ազդելու ռիսկը ինչպես գործի սկզբում, ոչ միայն չի նվազել, այլ մի բան էլ ավելացել է»։

Բաղդասարյանը որպես ռիսկի գնահատման ցուցիչ հղում արեց մեկ այլ քրեական գործի, որի համաձայն Քոչարյանի աջակիցը փորձել է կաշառել Մարտի 1-ի գործով վկայի, որպեսզի նա դատարանում այլ ցուցմունք տա։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց․

«20 տարի երկու պետականության առաջին դեմքն եք եղել։ Ի՞նչ եք մտածում, որևէ մեկը կարող էր Ձեր խոսքը դրժել, ի՞նչ որ մեկը կարող էր Ձեր խոսքի դեմ բան ասել, չլսել Ձեզ, չենթարկվել, չհամաձայնել։ Դուք ո՞նց կվերաբերվեիք այդ երևույթներին:

Ձեր ենթադրությունը դատական ակտի, որ ռիսկեր է պարունակում վարույթի համար խոչընդոտման ենթադրություն է։ Այսինքն՝ Դուք կարող եք ներազդել վկաների, տուժողների և այն անձանց վրա, և վերջիններս կարող են փոխել իրենց ցուցմունքները, կամ որևէ այլ կերպ ազատության մեջ գտնվելով խանգարել վարույթին։ Դրա հիմքերում ընկած է նաև Ձեր՝ երկարատև բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը և նաև Ձեր հոգեկերտվածքը և Ձեր էությունը։ Դրա համար ես կուզեի հասկանալ Ձեր վերաբերմունքը այդ երևույթին, որի փաստական հանգամանքները դատարանը կգնահատի արդեն»։

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ միայնակ որոշումներ է կայացրել, և իր հետ աշխատած ամենալավ պաշտոնյաները նրանք էին, որոնք համարձակություն էին գտնում վիճել․

«Որոշումների որակը դրանից է կախված։ Եվ ամենից մեծ հարգանք ես ունենում էի հենց այն մարդկանց նկատմամբ, այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք կարող էին կարծիք ասել, չհամաձայնվել։ Ուղղակի մենք դա հանրային լսումներով չէինք անում։ Բայց երբ որ համախմբվում էին ինձ մոտ տարբեր ոլորտներում բարեփոխումներ քննարկելու համար։ Ուղղակի մասնակիցներից կարելի է հետաքրքրվել՝ այս կարծիքը գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Ճիշտ հակառակը։ Եվ այդ որոշումների որակը գալիս էր հենց նրանից, որ կարծիք էր լսվում, և բավականին լուրջ, խորը քննարկումներ էին լինում»։

  • Կիսվել: