երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ոստիկանությունում ձևավորվում են նոր ստորաբաժանումներ․ Արփինե Սարգսյան

Ոստիկանությունում ձևավորվում են նոր ստորաբաժանումներ․ Արփինե Սարգսյան

««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել, որ ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նաեւ ընտանիքում բռնության ենթարկված մարդկանց օգնություն ցույց տալու համար:

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, որի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձեւերը եւ տրամադրման կարգը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում «ոստիկանության ծառայող» արտահայտությունը փոխարինվել է «ոստիկանության իրավասու ծառայող» արտահայտությամբ, «ոստիկանության պետ» արտահայտությունը՝ «ներքին գործերի նախարար» արտահայտությամբ:

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ ոստիկանությունում ձեւավորվում են նոր ստորաբաժանումներ եւ վերաձեւավորվում են առկա ստորաբաժանումները, ինչը հանգեցնում է նաեւ որոշակի օրենսդրական եւ գործառութային փոփոխությունների: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ վերանայվելու է համայնքային ոստիկանության ծառայողների լիազորությունների շրջանակը, փոփոխվելու է հասարակությանը մատուցվող ծառայությունների տրամաբանությունն ու բարեփոխվելու են գործառույթները:

Նշվել է, որ Համայնքային ոստիկանության վերաիմաստավորման տեսլականի շրջանակում նախատեսվում է օպտիմալացնել ծառայության գործառույթները՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ համայնքի համար զգայուն եւ կարեւոր հարցերի վրա:

«Մեր ծառայողները պետք է լինեն առավել պրոֆեսիոնալ»,- ասել է Արփինե Սարգսյանը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարեւոր ուղղություն է համարվում քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավումն ու համալրումը:

Հիմնական զեկուցողի հավաստմամբ ներկայումս տարածքային մակարդակում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման միջոցով ծանրության բոլոր աստիճանների հանցագործությունների բացահայտման, դրանց կատարման համար հետախուզվողների հայտնաբերման ուղիղ գործառույթները վերապահված են Ոստիկանության տարածքային բաժիններին: Դրանք գործում են մարզային վարչությունների, նաեւ Երեւան քաղաքի անմիջական ենթակայության, միաժամանակ նաեւ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեթոդական ղեկավարման ներքո, որը, ըստ էության, ենթադրում է կրկնակի ենթակայություն՝ առանց ղեկավարման լիազորությունների սահմանների հստակ տարանջատման:

Նշվել է, որ Ոստիկանության տարածքային բաժիններում, բացի քրեական հետախուզության ստորաբաժանումներից, գործում են նաեւ համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ու այլ ստորաբաժանումներ եւս, ինչը բացասաբար է անդրադառնում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետության վրա, ինչպես մասնագիտական կարողությունների իրացման եւ կատարելագործման, այնպես էլ աշխատանքների համակարգման եւ ղեկավարման տեսանկյունից:

Վերոնշյալ օրենքի նախագծով սահմանվում է, որ քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք: Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:

Նախատեսվում է սահմանել նաեւ, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության եւ Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծով իրավական հիմք է ստեղծվում քրեական ոստիկանության առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրման համար:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, շեշտադրել է նախատեսված մրցույթի անցկացման կարգի ներառումը: Ըստ նրա՝ մրցույթի անցկացումը նոր մոտեցում է:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին:

Նախաձեռնություները քննարկվել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 30-ի նիստում:

  • Կիսվել: