ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել են ապրանքների բացթողնման գործընթացին առնչվող հարցեր

Քննարկվել են ապրանքների բացթողնման գործընթացին առնչվող հարցեր

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մարտի 28-ից ապրիլի 1-ը մեկնարկել է «Բացթողնման ժամանակի ուսումնասիրում» խորագրով աշխատաժողով՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից հավատարմագրված փորձագետի և մաքսային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ:

ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետի այցը Հայաստան կազմակերպվել է ՀՄԿ-ում և ԵՄ-ում ՀՀ մաքսային կցորդի աջակցությամբ: Աշխատաժողովի նպատակն է համատեղ քննարկել մաքսային ձևակերպումների գործընթացում ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման ընթացքում ի հայտ եկած խնդիրների բացահայտման և դրանց վերացման քայլերը:

ՀՄԿ փորձագետը կներկայացնի առևտրի դյուրացման, ապրանքների տեղափոխման և բացթողնման գործընթացում կիրառվող ժամանակակից գործիքակազմը և քարտեզագրման մեխանիզմները՝ մաքսային ծառայողներին փոխանցելով միջազգային լավագույն փորձը:

Քննարկումներին հայ մասնագետները կներկայացնեն մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները և արդիականացման ծրագրերը, օրենսդրական կարգավորումները:

Հնգօրյա աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է նաև գործնական պարապմունքներ կազմակերպել մաքսային ձևակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանումներում:

Մասնակիցներն արդեն եղել են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, որտեղ հնարավորություն են ստացել հետևել ապրանքների բացթողնման գործընթացին և գործնականում կիրառել ձեռքբերված հմտությունները:

  • Կիսվել: