հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քննարկումներ են ընթանում Սահմանադրական Դատարանի ինստիտուտը վերացնելու` փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու շուրջ. վարչապետ

Քննարկումներ են ընթանում Սահմանադրական Դատարանի ինստիտուտը վերացնելու` փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու շուրջ. վարչապետ

Քննարկումներ են ընթանում Սահմանադրական Դատարանի ինստիտուտը վերացնելու` փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու շուրջ, քանզի այսօրվա համակարգը կտրել է ՍԴ-ն ընդհանուր դատական համակարգից: Այս մասին օնլայն ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մինչև հանրաքվեն դատական համակարգում արմատական փոփոխություններ տեղի չունենան, չնայած կարծում եմ կունենան, մենք հարցը վերջնական կլուծենք»,- հավաստեց վարչապետը: Նա նշեց, որ այս հարցը այսպես թողել չի կարելի, իրավիճակից պետք է լուծումներ գտնեն:

«Կա միջազգայնորեն ֆիքսված ճգնաժամ, որից պետք է դուրս գալ: Մենք այդ հարցի շուրջ բանակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք: Մենք չենք կարող անվերջ սպասել, չենք էլ կարող անտեսելով կորոնավիրուսի վտանգը գնալ հանրաքվեի»,- պարզաբանեց վարչապետը:

Նա նաև նշեց, որ եթե հանրաքվեն տեղի չունենա, ապա դրա համար նախատեսված գումարը կմնա բյուջեում: Վարչապետը նաև հայտնեց, որ կառավարման կարգի փոփոխության հարց չի քննարկվում: Նշենք, որ ապրիլի հինգին Հայաստանում պետք է տեղի ունենար սահմանադրական հանրաքվե, Սահմանադրական դատարանի կազմավորման հարցը կարգավորելու նպատակով: Սակայն կորոնավիրուսով պայմանավորված, այն հետաձգվեց: Այժմ ՀՀ իշխանությունները ելքեր են փնտրում հարցը այլ կերպ լուծելու համար:

Այդ նպատակով ՀՀ իշխանությունները դիմել են Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովին:

  • Կիսվել: