հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՔԿՀ ծառայողներին կարող են ազատել աշխատանքից, եթե ստուգարքը չհանձնեն

ՔԿՀ ծառայողներին կարող են ազատել աշխատանքից, եթե ստուգարքը չհանձնեն

ՀՀ կառավարությունը նախատեսում է բարձրացնել քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության մակարդակը։
 
Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը։
 
Նա ընդգծեց, որ նաև ակնկալվում է ապահովել քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների արդյունավետությունը։
 
«Նախագծով նախատեսվում է 2 անգամ վերապատրաստման և հատուկ գիտելիքների պատրաստման դասընթաց չանցնելու և ստուգարք չհանձնելու դեպքում նոր իրավական հիմք ավելացնել ծառայությունից ազատելու համար։ Այս փոփոխությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ»,– նշեց Բալյանը։
 
Նա ընդգծեց, որ այժմ քրեակատարողական ծառայողի կողմից վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն։ Ստացվում է, որ քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների որակական աճի ապահովումը թողնված է ծառայողի հայեցողությանը։
 
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ, և առաջարկվեց հարցն ընդգրկել առաջիկա ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

  • Կիսվել: