շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔԿ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալման մասին լուրերը

ՔԿ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալման մասին լուրերը

Քննչական կոմիտեն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը:

«Վարույթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն, որն արդեն հրապարակել ենք, չի տրամադրվում՝ ելնելով քննության շահերից»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջի»-ում` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է, ըստ լրատվամիջոցների, Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը փորձում են կալանավորել, որպեսզի ցուցմունք կկորզեն նախօրեին ձերբակալված էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի:

Այս հարցի վերաբերյալ էլ Աբրահամյանը նշեց․«Կալանքի համար գոյություն ունեն կոնկրետ հիմքեր, որոնք նկարագրված են քրեադատավարական օրենսգրքով, հետևաբար, մնացած մեկնաբանությունները զուտ սուբյեկտիվ ընկալումների, գուցե նաև ինչ- որ նպատակներ հետապնդելու արդյունքում հրապարակված նետված մտքեր են»։

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ երկու տարբեր քրեական վարույթներով է նախաձեռնվել՝ այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին: Նախաքննությամբ, մասնավորապես, ՔԿ-ն պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:

Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

  • Կիսվել: