հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Քաջարան քաղաքում բանկոմատներից գողության փորձ կատարելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է․ ՔԿ

Քաջարան քաղաքում բանկոմատներից գողության փորձ կատարելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Քաջարան քաղաքում բանկոմատներից կատարված գողության փորձերի, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված  քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների  համակցությամբ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. մարտի 30-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, զինված, ապօրինի մուտք էին գործել հիշյալ փողոցում գտնվող շինություն և փորձել գողություն կատարել այնտեղ տեղակայված բանկոմատից, իսկ երբ ահազանգի հիման վրա դեպքի վայր էին ժամանել ոստիկանության աշխատակիցները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանձից մեկն ինքնաձիգից կրակոց էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր տեսակի տեխնիկական միջոցներ՝ աշխատանքային գործիքներ, եռակցման սարքեր, ինչպես նաև՝ ինքնաձիգի կրակված գնդակ, պարկուճ և այլ պարագաներ: Վարույթ իրականացնող մարմնին էր ներկայացվել «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգը, ինչպես նաև՝ «ՌԳԴ» տեսակի նռնակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Սյունիքի մարզի 3 բնակիչներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ ձերբակալված անձանցից 2-ը, Քաջարան քաղաքի մեկ այլ բնակչի հետ օրեր առաջ, նախնական համաձայնությամբ, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում տեղադրված բանկոմատից փորձել էին հափշտակություն կատարել, որի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քննվում է քրեական գործ:

Որոշում էր կայացվել՝ հիշյալ քրեական գործերը միացնելու և համատեղ նախաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝  օբյեկտիվ  և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու, դրա ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: