ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քաղաքական կուսակցություն ստեղծած Միհրան Պողոսյանը շարունակում է հետախուզվել ՀՀ-ի կողմից

Քաղաքական կուսակցություն ստեղծած Միհրան Պողոսյանը շարունակում է հետախուզվել ՀՀ-ի կողմից

Քաղաքական հայտ ներկայացրած «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը շարունակում է ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվել՝ «Կոկաինի» աղմկահարույց գործով։ Այս մասին գրում է «Փաստինֆո» -ն։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը ներգրավված է երկու գործով։ Առաջին քրեական գործը, որով Պողոսյանը հետախուզվում է դեռևս 2019թ․-ից, վերաբերում է պաշտոնեական դիրքը ենթադրյալ չարաշահելուն և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակությանը։ Ըստ ՀՔԾ-ի, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ խոսքը 44.199.463 ՀՀ դրամի՝ բյուջեից հափշտակության մասին է։ Երկրորդ քրեական գործը, որով ևս հետախուզում է հայտարարվել Պողոսյանի նկատմամբ՝ նախաձեռնվել է բոլորովին վերջերս՝ 2023թ․ մայիսին և վերաբերում է ՀՀ ներկրված 1 տոննա կոկաինին։ Մասնավորապես, ԴԱՀԿ նախին պետ, «Մրգենի» ՍՊԸ սեփականատեր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրենի և պահեստապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ ներմուծված 1 տոննա «կոկաինի» գործով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու հատկանիշներով։ Ընդ որում, այս գործի առնչությամբ Միհրան Պողոսյանն ինքը հայտարարել էր, որ ինքն է տեղեկացրել ԱԱԾ տնօրենին և հորդորել ստուգել բեռները։

Միհրան Պողոսյանն այս ընթացքում շարունակում է գտնվել ՌԴ-ում, ավելին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը նոր կուսակցություն է հիմնել և զբաղվում է քաղաքականությամբ՝ չնայած հետախուզման մեջ գտնվելուն։

 

«Փաստինֆո» -ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե ինչ փուլում է գործի քննությունը, արդյո՞ք Պողոսյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, քանի անձ է այս պահին մեղադրյալի կարգավիճակում, ինչ քայլեր է ձեռնարկվում Պողոսյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

Գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Պողոսյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: