երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն կստանան՝ առանց դիմումի

Քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն կստանան՝ առանց դիմումի

Հայաստանում ծնված՝ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք կստանան՝ առանց դիմումի:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նախագծի առաջարկներից մեկը քաղաքացիություն չունեցող անձանց և ապաքաղաքացիության դեմ պայքարի տրամաբանության մեջ է: Այս պահին քննարկվում է Քաղաքացիություն չունեցող անձանց մասին առանձին օրենքի ներկայացումը: Մինչև այդ կառավարությունը ներկայացված նախագծով է առաջարկ արել:

«Քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների հետ կապված դրույթ ունենք, որ նրանց մեխանիկորեն տալիս ենք  ՀՀ քաղաքացիություն: Կա դիմումի պահ, առաջարկում ենք դիմումի պահանջը հանել, որ օրենքի ուժով այդ երեխաներին ճանաչենք ՀՀ քաղաքացի և դրանով նաև կատարենք 1954թ. ապաքաղաքացիության դեմ պայքարի կոնվենցիայով մեր ստանձնած պարտավորությունները»,-ասաց Ղազարյանը:

Նախագծով նաև հստակեցում է արվում ու օրենքում ֆիքսվում, որ ծնողներից մեկի քաղաքացիության դադարեցման պարագայում միայն կարող է անչափահասի քաղաքացիության դադարեցման վարույթ մեկնարկել: «Պրակտիկայի առումով ոչինչ չի փոխվում: Պարզապես իրավական կազուս կար օրենքի մեջ»,-ասաց ծառայության պետը՝ հավելելով, որ պարզապես երկու հոդվածների միջ անհամապատասխանություն էր առաջացել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե այն դեպքերի մասով, երբ անձինք մինչև զինվորական հաշվառումը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, ի՞նչ աշխատանք է տարվում: Ղազարյանը պատասխանեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, այս առաջարկն էլ միտված է պատգամավորի մատնանշած խնդրի լուծմանը:

Նախագիծը հավանություն ստացավ և դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

  • Կիսվել: