երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային նոր համակարգին ծանոթացել են ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչները

Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային նոր համակարգին ծանոթացել են ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչները

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը բացման խոսքով է հանդես եկել ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված երկօրյա իրազեկում-հանդիպումներին՝ նվիրված քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի, դրանից օգտվելու կարգի, համակարգով դատավարությանը մասնակցելու, դատավարական փաստաթղթեր, ծանուցումներ ներկայացնելու և ստանալու կարգավորումների, դատական ակտերի բողոքարկման կարգի և համակարգի մի շարք այլ առավելությունների ներկայացմանը:
 
Նախարարի տեղակալն ընդգծել է համակարգի կարևորությունը՝ որպես առաջին ամբողջապես թվային դատարանի, և հույս հայտնել, որ դրա շահագործմամբ էապես կթեթևանա դատարանի ծանրաբեռնվածությունը՝ միաժամանակ նպաստելով թե՛ դատարանի, և թե՛ կողմերի ժամանակի խնայմանը և ծախսերի նվազեցմանը:
 
ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնցով դրվել են համակարգի գործարկման հիմքերը:
 
Երկօրյա հանդիպմանը մասնակցել են բանկերի, վարկային ու վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
 
Մասնակիցներին ներկայացվել են համակարգի միջոցով հայցադիմում, այլ դատավարական փաստաթղթեր ներկայացնելու, պետական տուրքի վճարման, ապացույց կցելու, միջնորդություն ներկայացնելու և համակարգի օգտագործման այլ եղանակները։
 
Հանդիպումները կազմակերպվել են Արդարադատության նախարարության և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ` «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» Կազմակերպության կողմից՝ «Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում:

  • Կիսվել: