ՊՆ փոխգնդապետին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով ձերբակալվել է մարզպետի օգնականի եղբայրը
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը, ով «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկակկան հիվանդանոց: Ըստ բուժհիմնարկից ստացված տեղեկանքի՝ վերջինս ենթարկվել է շտապ վիրահատության, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
«Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության հետագա կատարումը, ՔԿ նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում: Որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1991թ.:
Քննությամբ պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ 28-ամյա երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ, պարզվել էր նաև, որ նշված վիճաբանության ժամանակ, բացի Արա Մխիթարյանից, մարմնական վնասվածքներ էին ստացել նաև նույն զորամասի ևս երկու սպա:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 28-ամյա երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ միջադեպին նաև Զավեն Գրիգորյանի մասնակցություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է՝ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Քրեական գործով շարունակում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզում միջադեպ էր տեղի ունեցել մարզպետ Տրդատ Սարգսյանի և նրա օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ:
Կոչումով փոխգնդապետ զինվորականին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Դեպքից օրեր անց մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց: Նշենք, որ Զավեն Գրիգորյանը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է: