կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետությունը պետք է ունենա կանխարգելման պատշաճ կառուցակարգեր. ՄԻՊ-ը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Պետությունը պետք է ունենա կանխարգելման պատշաճ կառուցակարգեր. ՄԻՊ-ը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Դիտարկում եմ ոչ միայն այս երկու դեպքերի, այլև ընդհանրապես բոլոր հնարավոր դեպքերի համատեքստում, որովհետև որպես ՄԻՊ՝ ես չափազանց մտահոգիչ և դատապարտելի եմ գնահատում նշված իրավիճակը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում զինծառայող Կարեն Կարապետյանի և ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան դեպքերին:

«Նկատած կլինեք, որ ոչ միայն այս դեպքով, այլև մի քանի այլ դեպքերով ևս հայտարարություն ենք տարածել, և որպես ՄԻՊ՝ շատ կարևոր եմ համարում, որ պետությունը երկու ուղղությամբ պատշաճ և ամբողջական գործիքակազմ կիրառի: 

Առաջինը՝ պետք է այս գործերի քննությունը պատշաճ մակարդակով իրականացվի, և երկրորդ՝ բացի դրանից՝ պետությունը պետք է ունենա այս երևույթների կանխարգելմանն ուղղված պատշաճ կառուցակարգեր»,- ասաց ՄԻՊ-ը:

«Եթե մենք բանակում շարունակում ենք ունենալ նման մտահոգիչ և խիստ դատապարտելի դեպքեր, անկախ կոնկրետ դեպքի պայմաններում դրա պատճառներից, նշանակում է, որ մենք դեռևս որպես պետություն չենք կարողացել ամբողջական կառուցակարգեր և գործիքակազմեր ունենալ, և դա է պատճառը, որ որպես ՄԻՊ՝ ոչ միայն տարբեր հաստատություններ, զորամասեր եմ այցելում, կենտրոնական հավաքայական, երեկ նաև մասնակցել եմ բժշկական հանձնաժողովի նիստին, նաև շփվում եմ անընդհատ թե՛ զորակոչիկների, թե՛ զինծառայողների հետ: Մի քանի անգամ կարևոր քննարկման թեմա եմ դարձրել, ինչպես ընդհանուր փակ քննարկումների պետական մարմինների հետ, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ այս դեպքերին առնչվող գործիքակազմերի մշակման հարցերը: Մենք սրա ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ ենք արել: Ես վստահ եմ, որ այս բոլոր հարցերը պետք է դառնան ոչ միայն քննարկման առարկա, այլև գործնականում գործիքները կիրառվեն»,- ասաց ՄԻՊ-ը:

  • Կիսվել: