չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետությանը պատճառված 32.6մլրդ դրամի վնաս, բավարարված 265մլն դրամի հայցապահանջ

Պետությանը պատճառված 32.6մլրդ դրամի վնաս, բավարարված 265մլն դրամի հայցապահանջ

ՀՀ դատախազությունը շարունակում է լայն ծավալով իրականացնել պետական շահերի պաշտպանության գործառույթը: 2021թ. ընթացքում պետական գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարվել է ընդհանուր 1308 ուսումնասիրություն, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 60%-ով:

Դրանց արդյունքում հայտնաբերվել է 687 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ենթակառուցվածքների կառավարման, կրթության, պետական գնումների, իսկ Զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, զորքերի բնակավորման, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և այլ ոլորտները:

Պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել է 63 սուբյեկտ: Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 55 հաղորդում և միջնորդագիր:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 253 քրեական գործ, իսկ 115 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ըստ ենթակայության՝ նյութեր նախապատրաստելու համար։

 

Զինվորական դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադումներով, ի թիվս այլնի, ուսումնասիրության առարկա է դարձվել նաև որպես մարտական գործողությունների հետևանքով պատճառված մարտական կորուստ արձանագրված վնասների առաջացման հանգամանքները: Դատախազները դատարան են ներկայացրել 626 մլն. դրամ հայցապահանջով պետական շահերի պաշտպանության 77 հայց՝ 2020թ. համեմատ 37.5%-ով ավելի: Դատարաններում 2021թ. քննվել է պետական շահերի պաշտպանության 44 հայց, բավարարվել է շուրջ 265մլն. դրամ հայցապահանջով 39 հայց:

Քննության ընթացքում է գտնվում 7 մլրդ. 171 մլն. 048 հազ. դրամ հայցապահանջով 117 հայց: Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից 2021թ.-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ նախազգուշացումներով, հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 32.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2020թ. ցուցանիշը գերազանցում է 52%-ով: Վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ:

  • Կիսվել: