շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետք է հասկանանք՝ ի՞նչն է պատճառը, որ հետընթաց ենք ունենում կամ առաջընթաց չենք ունենում. Փաշինյանը՝ ՆԳՆ-ում

Պետք է հասկանանք՝ ի՞նչն է պատճառը, որ հետընթաց ենք ունենում կամ առաջընթաց չենք ունենում. Փաշինյանը՝ ՆԳՆ-ում

2023 թվականին Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը, որը միտված է անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացմանը: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, նշվել է Ներքին գործերի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ջրային պարեկային ծառայությունը համալրվել է նավերով, սկուտերներով, ռադիոկապի միջոցներով, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացներով, նաև կառուցվել և կահավորվել են մոդուլային շենքեր։

Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանման նպատակով հայտարարվել է նոր ընդունելություն, որտեղ գերակշիռ տեղերը հատկացվել են կին դիմորդներին։ Ընդունելության արդյունքներով 140 կին մասնակցել է ծառայության շարքերը համալրելու նպատակով անցկացվող քննություններին։

Նախորդ տարվա ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել են Համայնքային ոստիկանության վերաիմաստավորմանն ու Քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթին կարող են դիմել նաև քաղաքացիական անձինք։ Քրեական ոստիկանի պաշտոնի նշանակումն իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում ուսումնառության միջոցով։

Տեղեկացվել է, որ 2023-ի ընթացքում հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, մշակվել, ներառական հանրային քննարկումների փուլ է անցել և միջազգային փորձաքննական դրական գնահատականի արժանացել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Նոր օրենքով բացառվում է Ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը, այն լինելու է մաքուր ոստիկանական ծառայություն՝ դուրս բերվելով «այլ զորքերի» կարգավիճակից։ Սրանով իսկ կբարելավվի նաև ոստիկանության գվարդիայի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական վերահսկողությունը։

Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ոստիկաններին հնարավորություն են տալիս անցնել ատեստավորում և աշխատավարձից բացի ստանալ նաև հավելավճար: Ատեստավորման արդյունքներով ոստիկանները կարող են կրկնապատկել իրենց դրամական ապահովումը։  Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունքներով է նաև, որ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ 2023թ. հունվար-մարտ ամիսների համար Հայաստանի բնակչության շրջանում արվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որի արդյունքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զբաղեցրել է երկրորդ տեղը 58% ցուցանիշով՝ բնակչության կողմից հայաստանյան կառույցների աշխատանքից բավարարված լինելու ցուցիչի գնահատմամբ:

Համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական-տեղեկատվական պորտալի 2023-ին ներկայացրած «Հանցավորության և անվտանգության ինդեքսի» ամփոփ տվյալների, Հայաստանն ուսումնասիրված 142 երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը (2022 թ.՝ 8, 2018 թ.՝ 18): Երևան քաղաքն իր հերթին 416 քաղաքներից ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է:

Վարչապետը գոհունակություն է հայտնել արձանագրված արդյունքներից և նշել. «Իհարկե, այս տվյալները շատ լավն են, այս փուլի համար մենք գոհ ենք, բայց հույս ունեմ, որ միջազգային իմիջի առումով շատ ավելի լուրջ խնդիրներ ենք դնում մեր առաջ։ Այսինքն` եթե մենք այսօր, ցավոք, առայժմ միայն ներքին անվտանգության իմաստով այս կազմակերպության տեսակետից 7-րդն ենք, դա նշանակում է, որ խնդիր պետք է դնենք ավելի առաջ գնալ, և մեր նպատակը պետք է լինի ամենաանվտանգ երկիր լինելը: Եվ նույնն էլ մայրաքաղաք Երևանը:

Զբոսաշրջային կազմակերպություններն իրենց փաթեթները ձևավորելիս այսպիսի բաներին շատ մեծ ուշադրություն են դարձնում: Պետք է միշտ մատը զարկերակի վրա պահել, որտեղ հետընթաց ենք ունենում կամ առաջընթաց չենք ունենում՝ խորանանք, հասկանանք՝ ի՞նչն է պատճառը: Իհարկե, առաջին հերթին այս պրոցեսը կապված է Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատանքի հետ: Այսինքն՝ սա ամենակարևորն է: Մենք ամեն տարի այս ուղենիշը պետք է ունենանք մեր Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքը գնահատելիս»:

  • Կիսվել: