երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Պետպատվերով մատուցած ծառայության համար որոշ բժշկական կենտրոններ կրկնակի գանձումներ են իրականացրել․ ՊՎԾ բացահայտումները

Պետպատվերով մատուցած ծառայության համար որոշ բժշկական կենտրոններ կրկնակի գանձումներ են իրականացրել․ ՊՎԾ բացահայտումները

Պետպատվերով մատուցած ծառայության համար որոշ բժշկական կենտրոններ 2022-2024թթ․ կրկնակի գանձումներ են իրականացրել՝ գումար ստանալով և՛ պետական բյուջեից, և՛ քաղաքացիներից։

«Բարորակ ուռուցքների վիրահատությունը պետպատվերի շրջանակում չի հատուցվում և բժշկական կենտրոնները, փաստացի, բարորակ ուռուցքի վիրահատությունը էլեկտրոնային համակարգում ներկայացրել են որպես չարորակ ուռուցքի վիրահատություն, որը փոխհատուցվում է»,- «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց ՊՎԾ ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը։

Այսպիսի շատ խախտումներ է արձանագրել ՊՎԾ-ն՝ ուսումնասիրություններ անցկացնելով շուրջ 1 տասնյակ ԲԿ-ներում և Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում։

«Մեր վերահսկողության արդյունքում՝ արձանագրվել են շուրջ 600 միլիոն դրամի տարաբնույթ խախտումներ։ Հատկանշական է, որ ավելի քան 300 միլիոն դրամ վերականգնվել է տվյալ կազմակերպությունների կողմից»,- ընգծեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ 244 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե։

Նրա խոսքով՝ գանձումները շատ դեպքերում նաև փաստաթղթավորվում են նվիրաբերության պայմանագրերով և արդյունքում այն քաղաքացին, որ ամբողջապես պետք է սպասարկվեր պետպատվերով, ստիպված է լինում նաև սեփական միջոցներից որոշակի գումար վճարել տվյալ ԲԿ-ին։ Նվիրաբերության շուրջ 2000 պայմանագիր է կնքվել՝ մոտ 250 միլիոն դրամի։

«Մեր պահանջով՝ նշված ԲԿ-ն հրավիրում է բոլոր քաղաքացիներին ԲԿ և խզում է նվիրաբերության պայմանագիրը ՝ հետ վերադարձնելով քաղաքացիներից ստացված գումարները։ Այս պահի դրությամբ՝ շուրջ 48 միլիոն դրամ արդեն իսկ վերադարձվել է քաղաքացիներին»,- ընգծեց ՊՎԾ ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը։

Չնայած տվյալ գումարները ենթակա են վերադարձման՝ 377 քաղաքացի է լուծել պայմանագիրը, 484-ը հրաժարվել է այն հիմնավորմամբ, որ ԲԿ-ից որևէ պահանջ չունի։

  • Կիսվել: