երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 1-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հեղինակած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» լրամշակված օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված` դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված` վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով, քանի որ նշված ժամանակահատվածն արդեն իսկ բավարար է անհրաժեշտ մասնագիտական հմտությունների եւ անձնային որակների ձեւավորման համար:

Կառավարության կարծիքը փաթեթի վերաբերյալ դրական էր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Նիստի օրակարգում ընդգրկված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը կքննարկվի փետրվարի 5-ին: Նախագիծը հեղինակել է Կառավարությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն էլ հայտնել է, որ Կառավարության հեղինակած ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է մինչեւ երկու ամսով:

 

  • Կիսվել: