երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՊԵԿ-ը առաքանիներից հայտնաբերել է շուրջ 70 մլն դրամ արժողությամբ մոտ 1,5 կգ հաշիշի յուղ

ՊԵԿ-ը առաքանիներից հայտնաբերել է շուրջ 70 մլն դրամ արժողությամբ մոտ 1,5 կգ հաշիշի յուղ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ  3 միջազգային սուրհանդակային առաքանի։

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության  բացթողնման բաժնի աշխատակիցները, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները: Արդյունքում  2 առաքանուց  հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ երկուական տարրա, որոնց ծավալը կազմել է 1195 գրամ։

Մաքսանենգության այս  դեպքով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Արդյունքում «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ 2 միջազգային սուրհանդակային առաքանին  «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության «Արաբկիր» սպասարկման սրահից ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ  քաղաքացի Հ․ Ն․-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

 

Հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ից «Գլոբալ Շիփփինգ»-ի միջոցով թմրամիջոցների պարունակությամբ  ներմուծված ևս 1 միջազգային սուրհանդակային առաքանու իրական ստացողը նույնպես  հանդիսանում է Հ․Ն-ն։

Նշված տեղեկություններն իրացնելիս՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների  և  ԱԱԾ տնտեսական անվտանգության  և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` նույն ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային հերթական առաքանին: Հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ  «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ`  105 գրամ քաշով։

Մաքսային զննման է ենթարկել նաև ԱՄՆ-ից  Է.Լ.-ի անվամբ ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Այս ծանրոցում նույնպես հայտնաբերվել է  2 պոլիէթիլենային տոպրակ՝  «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, որի քաշը  կազմել է 105 գրամ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված  4 ծանրոցի  իրական հասցեատերը հանդիսանում է ձերբակալված Հ․Ն-ն։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց պարզելու ուղղությամբ:

Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 70 մլն դրամ:

Փաստերի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթի շրջանակում Հ.Ն.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: