շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊԵԿ-ը ֆիզանձանցից գնումներ կատարելիս ընկերությունների համար փաստաթղթավորման նոր համակարգ է առաջարկում

ՊԵԿ-ը ֆիզանձանցից գնումներ կատարելիս ընկերությունների համար փաստաթղթավորման նոր համակարգ է առաջարկում

Կներդրվի էլեկտրոնային հարթակ, որի միջոցով էլեկտրոնային եղանակով կհաշվառվեն ֆիզիկական անձանցից ձեռքբերումները: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 2-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ այս նախագծով հարկային օրենսգրքում նախաձեռնված փոփոխության ենթաօրենսդրական կարգավորումն է ներդրվում:

Բադասյանը հիշեցրեց, որ 2023 թվականի հոկտեմբերին Հարկային օրենսգրքում փոփոխություններ էին կատարվել, որոնք ուղղված էին շրջանառության հարկի համակարգում փաստաթղթավորման պահանջներ ներդնելուն, ինչպես նաև ստվերի կրճատմանը: Ըստ այդ կարգավորումների՝ շրջանառության հարկ վճարողներն ազատված են հարկային գործակալի պարտականությունից, երբ ձեռքբերում են անում ֆիզիկական անձանցից և չեն պահում եկամտային հարկը:

«Դա բազմաթիվ չարաշահումների առիթ էր տվել, և ստվերային շրջանառությունն այդ հարկման համակարգում տարիներով մեծացել է: Եվ մենք ներդրեցինք մի կարգավորում, ըստ որի՝ շրջանառության հարկ վճարողներն այսուհետ կունենան հարկային գործակալի պարտականություն, այսինքն՝ պարտավոր կլինեն ֆիզիկական անձանցից գնումների դեպքում սահմանված դրույքաչափ հաշվարկել և պահել եկամտային հարկը:

Հիմա Կառավարության այս որոշմամբ ներդնում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի՝ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ»,- ասաց նա:

Նախագծով առաջարկվում է կարգավորել այդ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները: Ըստ այդմ՝ ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում ձեռքբերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքի ընդունման պահին հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով:

Փաստաթղթում պարտադիր ներառվում են դրա վավերապայմանները, ապրանքի անվանացանկն ու քանակը, միավորի գինը, ընդհանուր արժեքը, ֆիզիկական անձի, ինչպես նաև հարկ վճարողի տվյալները:

Փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման և ֆիզիկական անձի կողմից կանոնադրական կապիտալում գույքի ներդրման դեպքում:

Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում, ընդ որում՝ հաշվառվում են դուրս գրված բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ սխալներով լրացված և դրա փոխարեն ճիշտ տվյալներով լրացված փաստաթղթերը:

«Այսինքն՝ այս նախագծով կկարգավորենք և կներդնենք էլեկտրոնային հարթակ, որտեղ ֆիզիկական անձանցից ձեռքբերումները հնարավոր կլինի հաշվառել էլեկտրոնային եղանակով, և հետագա հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողները հնարավորություն կունենան իրենց ձեռքբերումները հիմնավորել այս էլեկտրոնային համակարգի միջոցով:

Այս նախագիծն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից, ինչպես որ ուժի մեջ է մտնելու Հարկային օրենսգրքի վկայակոչված փոփոխությունը և լրացումը 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, և սա կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը»,- ասաց նա:

  • Կիսվել: