ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի պաշտպանությունը. Փաստաբանների պալատի նախագահ

Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի պաշտպանությունը. Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան հայտարարություն է տարածել, որով պատրաստակամություն է հայտնել ստանձնելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերի պաշտպանությունը:

«Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու պահից մշտապես խնդիրներ, հակասություններ և բանավեճեր եմ ունեցել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների ցուցակը նախարարության կողմից վարելու նախաձեռնության հետ կապված (2013թ.): Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ Հրայր Թովմասյանի հետ (ի թիվս այլ առաջարկների, առաջարկվել էր նաև ԲԴԽ անդամների կազմում մեծամասնություն սահմանել դատական իշխանության համար (2015թ.):

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանելու հարցով (2018թ.): Բայց վերոհիշյալ իրադարձությունները չեն խանգարել պահպանել մասնագիտական հավասարակշռությունը և հարգանքը Հրայր Թովմասյան իրավաբանի նկատմամբ:

Այն ինչ տեղի է ունենում այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է: Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն է անպաշտպան, ապա մենք յուրաքանչյուրս վտանգված ենք: Եթե գործադիր իշխանությունը թիրախավորի որևէ անձի, ապա նրան ոչինչ և ոչ ոք չի կարող պաշտպանել:

Քրեական հետապնդման գործողությունները հանրային անձանց նկատմամբ պետք է հասարակության համար լինեն հասկանալի, հիմնավորված և արդարացված: Որպես փաստաբան պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի իրավունքների պաշտպանություն», -ասված է ՓՊ նախագահի հայտարարության մեջ:

Տեղեկացնենք, որ ԱԱԾ-ն հարցաքննության էր հրավիրել Հրայր Թովմասյանի հորը և երկու դուստրերին, ինչպես նաև երեկ ԱԱԾ ծառայողները քննչական գործողություն էին իրականացրել Թովմասյանի հայրական տանը:

  • Կիսվել: