կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կան վայրեր, որտեղ փաստաբաններին թույլ չի տրվում հեռախոսով մուտք գործել. պետք է այդ արգելքները հանենք. Արա Զոհրաբյան

Կան վայրեր, որտեղ փաստաբաններին թույլ չի տրվում հեռախոսով մուտք գործել. պետք է այդ արգելքները հանենք. Արա Զոհրաբյան

Կան վայրեր, որտեղ փաստաբաններին թույլ չի տրվում հեռախոսով մուտք գործել, մենք պետք է այդ արգելքները հանենք: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:

«Ոստիկանական բաժանմունքում կարող են ցանկացած քաղաքացու տանել, մի քանի ոստիկաններով ծեծել, հետո քրեական գործ հարուցել ու ասել՝ այդ քաղաքացին էր ծեծում: Ապագայում որ կարդանք այս ոստիկանների ցուցմունքները, կտեսնենք, որ վստահորդն ինքն իր գլուխը խփել է սեղանին, պատին, իրենք ձեռնաշղթա են կիրառել, որպեսզի վստահորդին հանգստացնեն: Մենք միշտ մնալու ենք սրա տակ, եթե չպայքարենք: Մենք հասկանում ենք, որ այս քայլերով միջազգային հարթակներում խայտառակ է լինում նաև մեր պետությունը, բայց մենք ուրիշ տարբերակ չունենք: Եթե 4 ամիս առաջ Քննչական կոմիտեի քննիչները պատշաճ ձևով այդ դեպքին գնահատակն տային, գործը լիներ դատարանում, իսկ այդ անձինք՝ մեղադրյալի աթոռին, Կարեն Ալավերդյանի դեպքը գուցե չլիներ: Սակայն այս լռության պայմաններում նրանք համարում են, որ այսպես տեղի է ունենում լուռ հովանավորություն»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Զոհրաբյանն ընդգծեց, որ փաստաբան Կարեն Ալավերդյանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռված քրեական վարույթի հոդվածները բավարար չեն.

«Կարեն Ալավերդյանի մասով քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում, ազատազրկումը նախատեսված է 4-8 տարի ժամկետով): Մեր կարծիքով՝ այս հոդվածը բավարար չէ, որովհետև այդ նույն հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է 7-12 տարի, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից: Կարեն Ալավերդյանի հաղորդման մեջ գրված է, որ իրեն մի քանի հոգով են բռնություն կիրառել: Կա 441-րդ հոդվածի խնդիր՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, այն նույնպես եթե կատարվել է հատուկ միջոց օգտագործելով՝ 4-8 տարի ազատազրկում է: Ապօրինի ձերբակալելը՝ 478-րդ հոդված. փաստաբանին ապօրինի ձերբակալել են: Փաստաբանին չի թույլատրվում խուզարկել, նա մտել է ոստիկանության բաժին՝ իր վստահորդին պաշտպանելու, ներկայացել է որպես փաստաբան, և ոստիկանության ծառայողները նրան ընկալել են որպես փաստաբան, բայց դրանից հետո բռնություն կիրառելու ընթացքում և հետո ձերբակալել ու խուզարկել են»:

Նշենք, որ փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեպքերին:

  • Կիսվել: