ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատգամավոր Աննա Մկրտչյանի անվամբ հաշվառված մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ. ՔԿ-ի մանրամասները

Պատգամավոր Աննա Մկրտչյանի անվամբ հաշվառված մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ. ՔԿ-ի մանրամասները

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը InfoPort.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանն այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազդանշան տալու պատճառով քրեական վարչությունը եկել է իր մեքենայի հետեւից։

Աբրահամյանի խոսքով՝ Աննա Մկրտչյանի հայտարարության մեջ արված մեկնաբանություններն իրական հիմք չունեն:

՛՛Իրականությունն այն է, որ 2023թ. հունվարի 10-ին՝ ժամը 08։05-ին, Աստղիկ ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շերամի փողոցում տեղի է ունեցել վրաերթ, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել եւ բուժօգնության դիմել մի կին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անձը վրաերթի է ենթարկվել ՛՛Կիա՛՛ մակնիշի համապատասխան հաշվառման համարանիշով ավտոմեքենայի կողմից, որի վարորդը դիմել է փախուստի։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել հիշյալ ավտոմեքենան տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Քննությամբ պարզվել է, որ այդ համարանիշով ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԺ պատգամավորի անվամբ, եւ պարզապես Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել են տրված հանձնարարության կատարումն ապահովելուն ուղղված գործողություններ՛՛,-նշել է Աբրահամյանը:

Խոսելով այն մասին, թե արդյոք պատգամավորը կասկածվու՞մ է վրաերթ կատարելու մեջ, ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ քննությունը դեռ նախնական փուլում է, դեպքի բազմաթիվ հանգամանքներ պետք է ստուգվեն, պարզվեն, այդ թվում՝ վրաերթի պահին ավտոմեքենայի վարորդի ինքնության պարզման առումով։ ՛՛Դեռեւս խիստ վաղաժամ է խոսել կոնկրետ անձի վերաբերյալ կասկածանքի առկայության մասին՛՛,-նշել է նա։

Այսօր ավելի վաղ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազդանշան տալու պատճառով քրեական վարչությունը եկել է իր մեքենայի հետեւից։

  • Կիսվել: