հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաստաբանը ներկայացրել է հիմքերը և միջնորդել դատարանին գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. որոշումը՝ նոյեմբերի 7-ին

Փաստաբանը ներկայացրել է հիմքերը և միջնորդել դատարանին գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. որոշումը՝ նոյեմբերի 7-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դատական նիստում միջնորդեցին դատարանին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Միջնորդությունը ներկայացնելիս փաստաբան Արամ Վարդևանյանը գրավի չափ չնշեց՝ թողնելով դատարանի հայեցողությանը: Փաստաբանը, հիմնավորելով ներկայացված միջնորդությունը, հայտարարեց, որ անձի ազատության իրավունքը չի կարող ստորադասվել որևէ իրավունքի:

«Սեպտեմբերի 17-ի դատական նիստին մենք բավականաչափ քննարկեցինք գրավի հարցը, իսկ երեք օր անց ստացանք մերժման որոշում: Այդ ժամանակ մենք խոսում էինք թաքնվելու, խոչընդոտելու մասին և այդ բոլորը՝ վերացական ռիսկերի տեսանկյունից, մինչդեռ թաքնվելու հետ կապված պետք է լինեն հիմնավոր կասկածներ», -հայտարարեց փաստաբանը:

Արամ Վարդևանյանը միջնորդության ներկայացման ժամանակ պարբերաբար հիշատակում էր նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի սեպտեմբերի 20-ի որոշումից մեջբերումներ: Մասնավորապես, նա մեջբերեց դատավորի որոշման այն հատվածը, որի համաձայն, Ռոբերտ Քոչարյանը մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի կանչով, մասնակցել է դատավարական գործողություններին և նիստերին, չի կատարել քննությանը խոչընդոտելու որևէ գործողություն:

«Այսինքն՝ դատարանը գտել է, որ թաքնվելու հետ կապված հիմքեր առկա չեն: Ես այս պարբերությանը ամբողջությամբ համաձայն եմ: Այս պարբերությունը տեղ է գտել ձեր կողմից կայացված որոշման մեջ, ինչը չեն բողոքարկել տուժող և մեղադրող կողմերը, այսինքն՝ նրանք այս մասով տվել են իրենց համաձայնությունը»,-նշեց փաստաբանը: Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելուն, ապա ըստ Վարդևանյանի, նույն որոշման մեջ դատավոր Դանիբեկյանը այդ հարցին ևս անդրադարձել է՝ նշելով, որ «անձի ազատությունը սահմանափակելու հիմքում չեն կարող դրվել մեկ այլ քրեական գործի նախաքննությանը խոչընդոտելու կասկածները»:

Վարդևանյանը ընդգծեց, որ այս մասով ևս ոչ տուժողների, ոչ դատախազների կողմից դատավորի որոշումը չի բողոքարկվել: Արամ Վարդևանյանը նկատեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը միաժամանակ արձանագրել է, որ խոչընդոտելու ռիսկը նվազ է, սակայն ամբողջությամբ չի վերացել:

«Գրավը միայն թաքնվելու ռիսկերի տեսանկյունից դիտարկելը առաջացնում է անձնական ազատության խնդիր, իսկ հինգ ամիս ազատության մեջ գտնվելու ընթացքում ցուցաբերած վարքը դատարանը չէր գնահատել խոչընդոտելու տեսանկյունից: Դրա հետ կապված մեջբերեմ Վճռաբեկ դատարանի որոշումից մի հատված, ըստ որի, այն դեպքում, երբ անձը հայտնվում է ազատության մեջ, և դրսևորում է բավարար չափով իրավաչափ վարքագիծ, ուրեմն՝ հնարավոր է՝ հակառակի ռիսկերն ավելի նվազ են, քան կարծում են մեղադրանքի կողմերը, և դրա համար վերջիններս պետք է ներկայացնեն քանակական և որակական տեսանկյունից առավել փաստարկված հիմնավորումներ», -հայտարարեց փաստաբանը:

Դատական նիստը նախագահող Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ներկայացված միջնորդության վերաբերյալ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ, և որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին: Նշենք, որ սա նույն դատավորին ներկայացվող նույնաբովանդակ երկրորդ միջնորդությունն է: Առաջին անգամ դատավոր Դանիբեկյանը մերժել էր և ազատ չէր արձակել երկրորդ նախագահին:

  • Կիսվել: