շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պաշտպանը միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի խափանման միջոցը կամ թույլ տալ 1 շաբաթով մեկնել արտերկիր

Պաշտպանը միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի խափանման միջոցը կամ թույլ տալ 1 շաբաթով մեկնել արտերկիր

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ մեղադրվող Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց դատարանին վերացնել Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով` վարույթն իրականացնող մարմնի որոշումը եղել է ապօրինի և անհիմն և այս մեկ տարվա ընթացքում անօրինական կերպով սահմանափակվել է Արմեն Գրիգորյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Պաշտպանն առաջարկեց միջնորդության մերժման դեպքում քննարկել Արմեն Գևորգյանի կողմից 1 շաբաթով ՀՀ–ից բացակայելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը պետք է հերթական բուժզննությունը անցնի Ավտրիայում։ Արմեն Գևորգյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ավստրիական կլինիկայում ամեն տարի սրտի անոթների հետ կապված հետազոտության է ենթարկվում։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց և ասաց, որ Արմեն Գևորգյանը չի ներկայացրել կոնկրետ փաստարկներ, որ նրա բուժումը հնարավոր չէ ապահովել Հայաստանում։

Այնուհետ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, այն կհրապարակվի հոկտեմբերի 8–ին, ժամը 13–ին։

 

  • Կիսվել: