կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պաշտպանները դատարանին միջնորդեցին՝ Առուշանյանին գրավի դիմաց ազատ արձակել

Պաշտպանները դատարանին միջնորդեցին՝ Առուշանյանին գրավի դիմաց ազատ արձակել

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Պաշտպանները դատարանին հայտնեցին, որ պատրաստ են Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը սահմանել 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ քննության սկզբնական փուլից Առուշանյանի մեղադրանքի ողջ էությունը կառուցված է եղել Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի նախաքննության ընթացքում մեղադրական բնույթի տված ցուցմունքը, ինչը հերքվել է դատաքննության փուլում.

«Բացառապես այս ցուցմունքի վրա Առուշանյանն արդեն 7 ամիս գտնվում է կալանքի տակ։ Սա քննությանը խոչընդոտելու նախկինում արձանագրված հիմքը չի՞ նվազեցնում, եթե սա չի նվազեցնում, ապա ո՞րն է նվազեցնում։ Այս գործի նյութերի ուսումնասիրությունը թույլէ տալիս արձանագրել, որ կալանավորման միակ հիմք հանդիսացող քննությանը խոչընդոտելու ռիսկը արդեն իսկ դատավարության սույն փուլում կորցրել է իր արդիականությունը։

Գորիսի 50 տոկոսից ավելի բնակչությունը եւս մեկ անգամ վստահեց Առուշանյանի անձին եւ նա վերընտրվեց համայնքապետի պաշտոնում։ Ժողովուրդը դա պետություն է, մի ամբողջ համայնք վստահեց Առուշանյանին եւ հնարավորություն ընդձեռեց, ոչ նա եւս մեկ անգամ ընտրվի համայնքապետի պաշտոնում։ Մի ամբողջ ժողովուրդ թույլ է տվել, որպեսզի նա վերցնի այդ պատասխանատվությունն իր վրա, դատարանը չի՞ կարող այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա»։

Մյուս պաշտպան Արմեն Մելքոնյանը պնդեց, որ Առուշանյանը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ գործի քննության վրա. «Ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում դատարանը, որ Առուշանյանը կարող է ազդեցություն է ունենա գործի քննությանը. չունենք մենք այդպիսի խնդիր։ Այստեղ մի տրամաբանություն է գործում՝ Առուշանյանը պիտի գտնվի անազատության մեջ։ Նա չպիտի լինի համայնքում, համայնքի առաջ ծառացած այս դժվարագույն խնդիրները չկարողանա լուծել։ Դատարանի որոշումների վերեւում գրված է՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության», ուզում եմ հասկանալ՝ հանուն ո՞ր երկրի է կայացրել որոշումները։ Ես չեմ կարծում, որ սա ի շահ Հայաստանի Հանրապետության է։ Դուրս եկեք, դրսում տարբեր համայնքներից մարդիկ են հավաքվել, մարդիկ արդարություն են մուրում»։

Գործով մեղադրող դատախազն առարկեց միջնորդության դեմ և նշեց, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։

Դատական նիստին զուգահեռ բակում ի աջակցություն Առուշանյանի, հավաքվել էին նրա աջակիցները։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպաններն էլ այդ քրեական գործերը որակում են որպես քաղաքական հետապնդում Առուշանյանի նկատմամբ։

  • Կիսվել: