ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարոն Հովսեփյանը տարբեր հիվանդություններ ունի, ընդունում է ինսուլին՝ մեծ քանակությամբ. պաշտպանները կդիմեն Վերաքննիչ

Պարոն Հովսեփյանը տարբեր հիվանդություններ ունի, ընդունում է ինսուլին՝ մեծ քանակությամբ. պաշտպանները կդիմեն Վերաքննիչ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին։

ArmDaily.am-ի հետ զրույցում Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը ասաց, որ դատարանը միայն եզրափակիչ մասն է ընթերցել։ «Սպասում ենք, որպեսզի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր պարոն  Մարտիրոսյանը տրամադրի որոշումը, որովհետև որոշումը չի տրամադրվել, այլ ընդամենը եզրափակիչ մասն է ընթերցել։ Սպասում ենք որոշման ամբողջական տարբերակը ստանալուն, որպեսզի որոշման դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնենք»,- ասաց Ռաֆայելյանը։

Ինչ վերաբերում է հարուցված քրգործին՝ պաշտպանը նշեց, որ այն շինծու գործ է։

«Պարոն Հովսեփյանը առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել բնականաբար։ Տրամադրված ենք մարտական, պայքարելու ենք մինչև վերջ»,- նշեց պաշտպանը։

Հարցին, թե ինչ առողջական վիճակում է Աղվան Հովսեփյանը, արդյոք կալանավորումը չի վնասի իրեն, Ռաֆայելյանը նշեց. «Պարոն Հովսեփյանը տարբեր հիվանդություններ ունի, դրանց դեմ բուժում է ստանում, նաև ընդունում է ինսուլին՝ մեծ քանակությամբ, շաքարային դիաբետով է տառապում, տեսնենք՝ ինչպես կլինի»։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն երեկ` սեպտեմբերի 7–ին, հայտնել էր, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա երեկ ձերբակալվել էր։

Հիշեցնենք, որ Հովսեփյանը քննչական կոմիտեի նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։

  • Կիսվել: