ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Ովքեր են ցուցմունք տվել Աղվան Հովսեփյանի դեմ. մանրամասներ

Ովքեր են ցուցմունք տվել Աղվան Հովսեփյանի դեմ. մանրամասներ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող քրեական գործընթացներից: Մասնավորապես շուրջ 1 ամիս է, ինչ  իրավապահներին Աղվան Հովսեփյանի գործունեության մասով հանցագործության մասին հաղորդուներ են ներկայացվել եւ նրա դեմ կոնկրետ ցուցմունքներ են տվել: Իրաապահները դեռես մեկ ամիս է ինչ կոնկրետ գործողություններ են սկսել Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված անձանց մասով: Իսկ ովքեր են նրա դեմ ցուցմունք տվել:

Ըստ ArmLur.am-ի հասած տեղեկությունների՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը եւ պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ ահա մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել:

Ավելին դեռես տարիներ առաջ մամուլը գրել էր, որ Արշավիր Սարգսյանը Հովսեփյանների ընտանիքի ունեցած բիզնեսում մեծ դերակատարություն ունի: Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդու` Նարեկ Հովսեփյանի և մի քանի այլ անձանց հետ Դավիթաշենի ավտոմեքենաների տեխնիկական զննում իրականացնող «Տրանս-սիստեմ» ընկերության համասեփականատերն է:

Արշավիր Սարգսյանը դատախազի երկրորդ որդու` Միսակ Հովսեփյանի և դատախազի եղբոր որդու (Աջափնյակի արդեն նախկին թաղապետ, մայիսի 6-ին մեծամասնականով ԱԺ պատգամավոր ընտրված Ռուբեն Հովսեփյանի որդու)` Գառնիկ Հովսեփյանի հետ «Ավտոտեխմաքս» ՍՊԸ-ի համասեփականատերն է:

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:
Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում:

  • Կիսվել: