շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստիկանության բաժին ներխուժման փորձ արած երեք անձանցից մեկը ձերբակալվել է․ նրան առայժմ մեղադրանք առաջադրված չէ

Ոստիկանության բաժին ներխուժման փորձ արած երեք անձանցից մեկը ձերբակալվել է․ նրան առայժմ մեղադրանք առաջադրված չէ

Նոր Նորքի ոստիկանության բաժին երեկ ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է, մյուս երկուսը հիվանդանոցում՝ ստացիոնար բուժում են ստանում։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Ձերբակալված անձին առայժմ մեղադրանք առաջադրված չէ։

Կոմիտեից հայտնեցին, որ իրավապահները լայնածավալ գործողություններ, խուզարկություններ են իրականացնում։

Ավելի վաղ «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Բևեռի աջակիցների բնակարաններում:

Հիշեցնենք, որ Հովակիմյանը ևս երկու անձանց հետ, որոնց ինքնությունն առայժմ հայտնի չէ, երեկ՝ ժամը 17։00-ի սահմաններում, փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Նրանց վիճակը միջին ծանրության է։ Ոստիկանական ուժերը շրջափակել էին Նոր Նորքի բաժանմունքի շենքը և մոտ 2 ժամ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ բանակցում էին նռնակը ձեռքին բաժանմունքի մուտքի մոտ կանգնած Ստեփան Հովհաննիսյանի հետ՝ փորձելով վնասազերծել նրան։ Ի վերջո, հատուկ գործողությամբ նռնակով զինված տղամարդուն վնասազերծել են ԱԱԾ հատուկջոկատայինները։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ահաբեկչության հոդվածով։ Իրավապահներն առայժմ պաշտոնապես չեն հայտնում, թե կոնկրետ ինչ պահանջ են ներկայացրել ներխուժման փորձ կատարածները։

  • Կիսվել: