շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որոշվել են 2023թ. ՀՀ քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» մրցանակակիրները (լուսանկար, տեսանյութ)

Որոշվել են 2023թ. ՀՀ քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» մրցանակակիրները (լուսանկար, տեսանյութ)

2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների և գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով որոշվել են Կոմիտեի ամենաբարձր արդյունավետություն ցուցաբերած, ըստ այդմ՝ լավագույնը ճանաչված տարվա ստորաբաժանումները և տարվա քննիչը։

Ցուցանիշների հետազոտությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովը՝  առաջնորդվելով «Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» ճանաչելու կարգը, պայմանները, պարգևագրերի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ ՔԿ նախագահի հրամանով սահմանված ընթացակարգով և չափորոշիչներով, որոնք պարբերաբար կատարելագործվում ու հղկվում են՝ լավագույնների ընտրության օբյեկտիվությունը ավելի բարձրացնելու նպատակով։

Փետրվարի 7-ին տեղի ունեցած ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում նշված հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը ներկայացրել է հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքները, որոնց հիման վրա որոշվել են նախորդ տարվա ընթացքում արդյունավետության քանակական և որակական ցուցիչներով ամենաբարձր արդյունքներն ապահոված ստորաբաժանումները և քննիչը։ Նա նշել է, որ 2023թ. ընթացքում բարձր արտադրողականությամբ և արդյունքներով աչքի են ընկել Կոմիտեի բոլոր ստորաբաժանումները, և լավագույնների որոշման գործընթացն այդ առումով եղել է համեմատաբար ավելի դժվար։    

Այդուհանդերձ, հանձնաժողովի գնահատմամբ և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով՝

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը (բաժնի պետ Համբարձում Պետրոսյան),

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժինը (բաժնի պետ Մելսիկ Շիրվանյան),

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա  ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունը (վարչության պետ Հովհաննես Չալաբյան)։

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների շրջանակում կատարված ընտրության հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով՝

«Տարվա քննիչ» է ճանաչվել Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ,  արդարադատության երկրորդ դասի խորհրդական Լևոն Քաջազնունին։ 

ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիսավորությամբ մրցանակակիրներին է հանձնել պարգևները, շնորհավորել ձեռքբերումների համար։ Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել նաև հանձնաժողովին՝ անաչառության, բծախնդիր ուսումնասիրություն կատարելու համար և ուրախությամբ նկատել, որ այս գործընթացը հարուցել է առողջ մրցակցություն ՀՀ ստորաբաժանումների միջև՝ նպաստելով ողջ համակարգի արտադրողականության բարձրացմանը։     

«Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» մրցանակաբաշխությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի, որի նպատակն է պատշաճ գնահատականի արժանացնել տարվա ընթացքում ՔԿ գործառութային ստորաբաժանումների և քննիչների մասնագիտական և ծառայողական գործունեությունը, խթանել նրանց աշխատանքի արդյունավետությունը։  

  • Կիսվել: