երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Որոշումները կայացվում են կոնսենսուսուվ, դա բարդ ընթացակարգ է. Գրիգոր Մինասյանը՝ ՄԻՊ-ի առաջադրման գործընթացի մասին

Որոշումները կայացվում են կոնսենսուսուվ, դա բարդ ընթացակարգ է. Գրիգոր Մինասյանը՝ ՄԻՊ-ի առաջադրման գործընթացի մասին

Տիկին Մանասյանը բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող անձնավորություն է, և երևի դժվար կգտնվի որևէ իրավաբան, որը չի շփվել, չի առնչվել, և չգիտի թե ինչ բարձր մակարդակի իրավաբան է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՔՊ խմբակցության՝ ՄԻՊ-ի պաշտոնում Անահիտ Մանասյանի թեկնածության առաջադրմանը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ ՄԻՊ-ի թեկնածության առաջադրումը երկար է տևել, որովհետև որոշումը մեկ մարդու կողմից չի կայացվում:

«Դա ժողովրդավարական գործընթացով է անցնում, քննարկվում է, եթե լինում են անհամաձայնություններ, հետ է քաշվում: Օրենքի սահմաններում կա ժամկետ, այդ ժամկետը չի խախտվել, բարդ փնտրտուքներն ապացուցում են, թե պրոցեսներն ինչքան առողջ են: Որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ կոնսենսուսով որոշումը նշանակում է բարդ ընթացակարգ: Հուրախություն ինձ՝ շատ լավ թեկնածու է որոշվել»,- ասաց Մինասյանը:

Դիտարկմանը, որ Մանասյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհին է, եւ արդյո՞ք անձնական կապերը չեն խանգարելու ՄԻՊ-ի գործունեությանը, նախարարն արձագանքեց. «Անձնական կապերն այս դեպքում չեն խանգարում, որովհետեւ մարդը պրոֆեսիոնալ աշխատող է, երբեք ինքն իր լիազորություններից դուրս չի գա»:

Հիշեցնենք՝ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ 2023 թ. հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։ 
 
Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել 2022 թ. հունվարի 24-ին Ազգային ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ, իսկ պաշտոնը ստանձնել էր 2022-ի փետրվարի 25-ին:
 
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը 2022 թ. նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Նա հեղինակ և համահեղինակ է 11 մենագրության, 4 ուսումնական ձեռնարկի և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում):

  • Կիսվել: