ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը

Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը

ՀՀ ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգրքի հիշատակված 29-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվում է (ուժի մեջ մտնելու ժամկետ` 2024 թվականի հունվարի 1-ը), ինչի արդյունքում վերոնշյալ գործառույթների իրականացումը վերապահվում է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավոր Անուշ Քլոյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցողի` Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»: Այսպիսով, Սահմանադրությունն ընտրական գործընթացի բոլոր փուլերի, այդ թվում` նախընտրական քարոզչության, օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Արփինե Դավոյանը փաստել է, որ օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել գործող կանոնակարգերի պահպանումն առ այն, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո եւս ընթացիկ գործունեության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունն իրականացվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից` երկարացնելով գործող կանոնակարգումները մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը` մինչ քաղաքական միավորումների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկման իրավահարաբերությունների եւ դրանցից բխող խնդիրներին վերջնական լուծման համար նոր համակարգային մոդելի նախատեսումը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Տրդատ Սարգսյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Որոշակի խնդիրների վերաբերյալ դիտարկումներ են ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:

Արուսյակ Մանավազյանի ներկայացրած գրավոր առաջարկությունն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակին:

  • Կիսվել: