երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նորքի Այգիների տներից մեկում թմրանյութ են աճեցրել, ստեղծել են քիմիական թմրանյութերի լաբորատորիա

Նորքի Այգիների տներից մեկում թմրանյութ են աճեցրել, ստեղծել են քիմիական թմրանյութերի լաբորատորիա

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները նոյեմբերի 16-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիների փողոցի տներից մեկում մի խումբ անձինք իրացման նպատակով աճեցնում են թմրանյութեր, ստեղծել են քիմիական թմրանյութերի լաբորատորիա:

Տեղեկությունն իրացնելու միջոցառմանը մասնակցեցին նաև ոստիկանության Մարաշի բաժնի քրեական հետախույզներն ու Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները: Իրականացվեցին նաև քննչական գործողություններ, և նոյեմբերի 17-ին հիշյալ տանը կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց պլաստիկ երկու տարա, մեկի մեջ՝ 2, մյուսի մեջ` 6 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, մեկ զիպ փաթեթ` 12,5 գրամ նույն զանգվածով, կշեռք` բյուրեղանման ու բուսական զանգվածների հետքերով, 264 գրամ կրիստալ թմրանյութի նմանվող զանգվածով երեք փաթեթ, կանեփի նմանվող 218 բույս, նույն բույսի տերևներով մեկ պարկ: Հայտնաբերվեցին նաև ուլտրամանուշակագույն լույս արձակող, օդը խոնավեցնող ու չորացնող սարքեր, պարարտանյութեր, մարիխուանայի նմանվող չորացրած զանգվածներ, ընդհանուր` մոտ վեց կիլոգրամ վեց հարյուր գրամ քաշով:

Խուզարկվող տարածքի ուսումնասիրությամբ պարզվեց, որ տան բոլոր սենյակներն օգտագործվել են վերը թվարկածը աճեցնելու և մշակելու նպատակով:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տունը վարձակալել է 37-ամյա մի տղամարդ, իսկ կանեփն աճեցրել, թմրանյութ պատրաստել ու իրացրել են ինքն ու 36-ամյա մի օտարերկրացի: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: