շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոչ ներպետական, ոչ միջազգային մակարդակում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չունենք. դատախազ

Ոչ ներպետական, ոչ միջազգային մակարդակում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չունենք. դատախազ

Մենք ոչ ներպետական, ոչ միջազգային մակարդակում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չկա:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե արդյոք 2022-ին քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ եղե՞լ են Հայաստանում:

«Մենք ոչ ներպետական, ոչ միջազգային մակարդակում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չունենք: Եվ այս առումով բոլոր այն դեպքերը, երբ անձինք, որոնք զբաղվել են քաղաքական գործունեությամբ, բայց մեղադրվում են, օրինակ, կոռուպցիոն հանցագործությունների մեջ, մեխանիկական հիմք չեն այդ անձանց քաղաքական հետապնդման ենթարկելու մասին դատողություն անելու տեսանկյունից»,-ասաց Վարդապետյանը՝ նշելով, որ դատարան գնացած գործերի մեղադրանքներն առավելապես ֆինանսական ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են, այս առումով քաղաքական որևէ տարր չեն պարունակում:

Արմենուհի Կյուրեղյանն էլ կարծիք հայտնեց՝ գուցե կոռուպցիոն «սարքած» գործ լինի, հարցրեց՝ արդյոք դրանք քաղաքական հետապնդման արդյո՞ւնք չեն: Նա օրինակ բերեց Մամիկոն Ասլանյանի գործը: Դատախազը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ այդտեղ որևէ քաղաքական մոտիվ էլ չկա:

Վարդապետյանը նշեց, որ աշխատանքը դատախազությունում կառուցված է բացառապես փաստի վրա:

«Ու այսօր, եթե նայեք դատարան գնացած գործերը, օրինակ՝ դրվագները, որոնք չեն ներառվել մեղադրանքի մեջ, կտեսնեք, որ կան գործեր, որոնցով մեղադրանքը, օրինակ, մինչև դատարան գնալը 80 տոկոսով փոփոխվել է, ֆինանսական քննության ու փաստաթղթահեն ուսումնասիրություն է իրականացվել, քննություն է իրականացվել: Սա դատախազության հիմնական աշխատանքի ձևաչափն է: Եվ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է: Մեզ մոտ, ցավոք սրտի, կոռուպցիայի համակարգային բնույթը ենթադրել է նաև քաղաքական ու բարձր պաշտոններ պետության հետ փոխկապակցված մեծ ընկերություններում, բայց դրդապատճառները ֆինանսական ու կոռուպցիոն են»,-ասաց Գլխավոր դատախազը:

  • Կիսվել: