շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոտարական նոր ընթացակարգով Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում նոտարներ են նշանակվել

Նոտարական նոր ընթացակարգով Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում նոտարներ են նշանակվել

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման նոր՝ բարեփոխված ընթացակարգով առաջին նոտարներն են նշանակվել: Արդարադատության նախարարության կողմից անցկացված Գեղարքունիքի մարզի՝ նստավայրը քաղաք Գավառ, և Կոտայքի մարզի՝ նստավայրը քաղաք Աբովյան, նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլը հաղթահարել է 2 մասնակից: Արդյունքում՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Արփինա Սիմոնյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի նոտար՝ նստավայրը քաղաք Գավառ, իսկ Գայանե Սարոյանը՝ Կոտայքի մարզի նոտար՝ նստավայրը քաղաք Աբովյան։
 
«Նշենք, որ ի տարբերություն նախկին ընթացակարգի՝ որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունն այսուհետ տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր, ինչպես նաև նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար: Արդյունքում՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակ և ցանկություն ունեցող նոտարի թեկնածուն համապատասխան հայտարարության առկայության պայմաններում արդեն իսկ իրազեկվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր տեղի համալրման նպատակով անցկացվող ստուգման մասին և գնահատում նշված ստուգմանը մասնակցելու նպատակահարմարությունը տարբեր գործոնների հաշվառմամբ՝ հաշվի առնելով նաև այն, որ ստուգումը հաղթահարելու դեպքում վերջինս նշանակվելու է որպես տվյալ նոտարական տարածքի նոտար»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: