կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոր Սահմանադրության իրավակարգավորումների հետ կապված քննարկումներ դեռևս չեն սկսվել. փոխնախարար

Նոր Սահմանադրության իրավակարգավորումների հետ կապված քննարկումներ դեռևս չեն սկսվել. փոխնախարար

Հայաստանում նախատեսվող նոր Սահմանադրության ընդունման համատեքստում կոնկրետ իրավակարգավորումների հետ կապված քննարկումները չեն սկսվել:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը:

«Դեռևս հստակ որևէ ժամկետ սահմանված չէ: Նույնիսկ դեռ քննարկումները սկսված չեն՝ կոնկրետ իրավակարգավորումների հետ կապված: Ուստի, այս պահին ժամկետների մասին խոսելը նույնպես արդի չէ»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով քննարկումներին, թե փորձ է արվում Սահմանադրությունից հանել հղումն Անկախության հռչակագրին՝ նա ընդգծեց, որ դեռևս որևէ նոր իրավակարգավորումների շուրջ մասնագիտական քննարկում սկսված չէ: Նոր Սահմանադրության ընդունման հարթությունում որևէ քննարկում չի եղել թե՛ վերոնշյալ բովանդակությամբ, թե՛ առհասարակ:

Ըստ նրա՝ վարչապետը հստակ նշել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության հիմքերը:

Մկրտչյանն ընդգծեց՝ լեգիտիմ և ճիշտ Սահմանադրությունը երկրի իրավական հիմքն է, ոչ միայն տարածաշրջանում, այլ ընդհանրապես մրցունակության կարևոր բաղադրիչներից մեկն է: «Եթե մենք ունենք լավ Սահմանադրություն, գործող Սահմանադրություն և դրա հիման վրա կառուցում ենք սոցիալական, ժողովրդավարական հանրապետություն, ուրեմն մենք հզոր ենք դրանով: Գործող Սահմանադրությամբ էլ մեր երկիրը ժողովրդավար և մրցունակ է, սակայն հասարակական հարաբերությունները զարգացող հարաբերություններ են, իրավունքը նույնպես զարգացող հարաբերություն է, դրանք քարացած չեն և ենթակա են փոփոխության»,-նշեց նա:

Նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին հունվար ամսին խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:    

  • Կիսվել: