շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՆԳՆ ՓԾ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության սերտ համագործակցությունը շարունակվում է

ՆԳՆ ՓԾ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության սերտ համագործակցությունը շարունակվում է

Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիին և Հայաստանում խորհրդական Ռուզան Խոջիկյանին։
Փրկարար ծառայության տնօրենը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ երկար տարիների սերտ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել մշտապես ծառայության կողքին լինելու և տարաբնույթ ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։
 
Կամո Ցուցուլյանն արձանագրել է, որ գործակալության հետ համագործակցության շնորհիվ 2004 թվականից ի վեր իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված տարերային աղետներին դիմակայելու ունակությունների բարձրացմանը՝ սեյսմիկ ռիսկի գնահատում և կառավարման պլանավորում, սողանքային աղետների կառավարում, ծառայության տեխնիկական հնարավորությունների ընդլայնում, գույքի արդիականացում, փորձի փոխանակում և ծառայողների կարողությունների զարգացում, որի շրջանակներում մեծ թվով փրկարարական ծառայողներ Ճապոնիայում անցել են մասնագիտական վերապատրաստումներ։
 
Մորի Հիրոյուկին, շնորհակալություն հայտնելով գնահատականի և ընդունելության համար, նշել է, որ աղետների կանխարգելման ոլորտը հանդիսանում է գործակալության թիրախային ուղղություններից մեկը, և իրենք ակնկալում են համագործակցության նոր ուղիներ գտնել և աշխատանքները շարունակել նոր մակարդակով։ Նա շեշտել է, որ աշխարհում տեղի ունեցող վերջին աղետալի երկրաշարժերի փորձից և քաղած դասերից ելնելով՝ ներկայումս Գործակալությունը վերանայում է իր աշխատանքային ուղիները և նախատեսում է զարգացնել աղետների դիմակայման նոր մոտեցումներ, ձևավորել աղետների կանխարգելման նոր հայեցակարգ, ինչն առավել արդյունավետ կդարձնի ներկայիս մարտահրավերներին դիմակայելու ունակությունները և հնարավորություն կտա աղետների ժամանակ մեծ թվով մարդկանց կյանքեր փրկել։
 
Մորի Հիրոյուկին նշել է, որ ներկայումս առցանց ձևաչափով ընթանում են երկարաշարժերին դիմակայելու զարգացման ծրագրեր, որոնք ուղղված են համայնքային մակարդակով կարողությունների զարգացմանը։
Քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են ծառայության կարիքների գնահատման հիման վրա նորովի հստակեցնել համագործակցության շրջանակը, որոնցով էլ կարող են հետագայում առաջնորդվել սահմանված առաջնահերթություններին համահունչ, նաև համագործակցել նորանոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։

 

  • Կիսվել: