շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հրդեհները շրջակա միջավայրի կենսաանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։

Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները՝ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները՝ նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։

Խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման ազդեցությունը հողի վրա՝

խոզանների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը,

նվազեցնում խոնավությունը,

նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը,

նվազեցնում է հողի բերրիությունը։

Ազդեցությունը մարդու առողջության վրա՝

նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը,

առաջացնում է հազ,

ցավ կրծքավանդակում,

շնչառական խանգարումներ։

Ազդեցությունը կենսաբազմազանության վրա՝

ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին,

խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը,

խոչընդոտում է բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազմանը։

ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։

Հարգելի՛ քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց՝ պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին:

  • Կիսվել: