ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՆԳՆ-ի պարզաբանումը՝ «Սիլ Ինշուրանս»-ից նախարարության կատարած գնման մասին հրապարակման առնչությամբ

ՆԳՆ-ի պարզաբանումը՝ «Սիլ Ինշուրանս»-ից նախարարության կատարած գնման մասին հրապարակման առնչությամբ

Լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր «Սիլ Ինշուրանս» ընկերությունից Ներքին գործերի նախարարության կատարած գնմանը՝ գրելով «հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի» մասին։ Այս կապակցությամբ ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ նշելով.

«ՀՀ ՆԳՆ կարիքների համար 2023 թ. նոյեմբերի 13-ին գնանշման հարցման միջոցով ՀՀ ՆԳՆ ԳՀԾՁԲ-2023-ԱՊՊԱ/Ա-82 ծածկագրով 21 միավոր «Միցուբիշի L200» մակնիշի տրանսպոտային միջոցների ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ծառայությունների ձեռք բերման գնման ընթացակարգ է հայտարարվել։ Հայտերի բացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. նոյեմբերի 21-ը: Ընթացակարգին հայտ է ներկայացրել միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն։ Նրա կողմից ներկայացված գնային առաջարկը գերազանցել է նախահաշվային գինը, ինչի հետևանքով ընթացակարգը համարվել է չկայացած։

Ջրային պարեկային ծառայության մեկնարկի հանգամանքով պայմանավորված, հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, այն է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է՝ պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել:

2023 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ՆԳՆ ՀՄԱԾՁԲ-2023-ԱՊՊԱ/Ա-83 ծածկագրով կրկին ընթացակարգ է հայտարարվել հրատապ մեկ անձ գնման ձևով մրցութային ընթացակարգով (խոսքը վերաբերում է բաց մրցութային ընթացակարգին), որի հայտերի բացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. դեկտմբերի 1-ը։ Ընթացակարգին հայտ է ներկայացրել դարձյալ միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն, որի հետ էլ 2023 թ. դեկտեմբերի 13-ին կնքվել է պայմանագիր։

Հավելենք նաև, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունն իր կարիքների համար ապահովագրական ծառայությունների ձեռք բերման ընթացակարգերը հայտարարում է բացառապես մրցութային ընթացակարգով։

Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք ներկայացնել ճշգրտված և ամբողջական տեղեկատվություն, զերծ մնալ ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու փորձերից, իսկ թյուրըմբռնումներից զերծ մնալու համար դիմել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներ»:

  • Կիսվել: