կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նախատեսվում է դատախազներին ամսական հավելավճար տրամադրել՝ դրույքաչափի 92 տոկոսի չափով․ Լևոն Բալայան

Նախատեսվում է դատախազներին ամսական հավելավճար տրամադրել՝ դրույքաչափի 92 տոկոսի չափով․ Լևոն Բալայան

«Առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի ընդունման արդյունքում  նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Հարկ է նշել, որ դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումը  առաջ է քաշվել նկատի ունենալով որոշ կարևոր գործոններ։ Այդ թվին  են դասվում քրեական վարույթի ընթացքում  դատախազի  նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, քրեական գործերի քանակի շարունակական աճը և նման պայմաններում դատախազների անխուսափելի ծանրաբեռնվածությունը, որը կարող  է հանգեցնել  դատախազությանը վերապահված գործառույթերի իրականացման արդյունավետության նվազեցմանը»,- ԱԺ-ում այսօր Արդաատության նախարարի տեղակալ Լևոն Բալայանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը։

Բալայանի խոսքով՝ ցածր վարձատրության պայմաններում դատախազների  գերծանրաբեռնվածությունը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա  հնարավոր ճնշումները  դատախազի աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ՝ համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու տեսանկյունից․ «Դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում նախատեսվում է  դատախազության համակարգում մինչև 2024-ի ավարտը ատեստավորման  իրականացում։ Այն կիրականացվի ատեստավորման ենթակա բոլոր դատախազների համար՝  զբաղեցրած պաշտոնին նրանց մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով»,- Բալայանը հավելեց նաև, որ դատախազներին վճարվող  հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել  առանձնակի ռիսկային բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող  անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը։ 

ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց․ «Այստե՞ղ էլ ատետավորման համակարգ է գործելու և ատեստավորման միջոցո՞վ է աշխատավարձերը բարձրանալու։ Ու նշեցիք, որ փորձելու եք դատախազների սոցիալական պայմանները բարելավվել,  եթե նախագիծը ձեզ մոտ է մշակվել, դուք տեսե՞լ եք որոշ դատախազների հայտարարագրերը»։ 

«Հայտարարագրերի մասով ինքս ուսումնասիրություն չեմ իրականացրել , այս մասին ինֆորմացիա չունեմ, չեմ կարող  փոխանցել։ Ինչ վերաբերում է ատեստացիային, այո՛, այստեղ  նույնպես նախատեսվում է  ատեստավորում իրականացնել, բայց այստեղ աշխատավարձր բարձրացումը պայմանավորված չէ ատեստացիայի հաղթահարման փուլով, այստեղ դասական իմաստով է ատեստավորում նախատեսվում իրականացնել։ Այսինքն՝ պաշտոնին համապատասխանելու և չհամապատասխանելու հարցն է դրված լինելու և մինչև 2024-ի ավարտը նախատեսվում է դատախազական համակարգի ատեստավորում»,- նախարարի տեղակալի խոսքով, եթե անձը չանցնի ատեստացիան, նա չի շարունակի աշխատել համակարգում։ 

  • Կիսվել: