շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախանշվել են ՀԲ-ի կողմից աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները․ Կարեն Կարապետյանն ընդունել է Ադրիան Ֆոզարդի առաքելությանը

Նախանշվել են ՀԲ-ի կողմից աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները․ Կարեն Կարապետյանն ընդունել է Ադրիան Ֆոզարդի առաքելությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման առաքելությանը՝ ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորությամբ։
 
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերած գործուն աջակցության համար, ինչպես նաև նախանշել աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։
 
Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակված և արդեն իսկ Հանրային ներդրումային կոմիտե ներկայացված դատարանների ստանդարտացմանը վերաբերող ծրագիրը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ծրագրով սահմանված գործողությունների շրջանակին, որոնցով նախատեսվում է մշակել դատարանների շենքերի և տեխնիկական ապահովվածության միասնական ստանդարտները, գույքագրել դատարանների շենքերը, մշակել դատարանի շենքերի տեղակայվածության արդյունավետ քարտեզ, ինչպես նաև գործողություններ՝ ուղղված դատարանների անձնակազմերի կարողությունների զարգացմանը։
 
Երկուստեք կարևորվել է քննարկվող ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցությունը Բարձրագույն դատական խորհրդի հետ, ինչպես նաև ընդգծվել ծրագրի հնարավորինս արագ իրականացման անհրաժեշտությունը:
 
Անդրադարձ է կատարվել նաև ծրագրում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման շրջանակներում նախատեսվող թվային գործիքակազմերի մշակմանն առնչվող գործողությունների ներառմանը։
 
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման հետագա քայլերի շուրջ, նախանշվել՝ նախարարության թվայնացման օրակարգին Համաշխարհային բանկի աջակցության հնարավոր ուղղությունները։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։

  • Կիսվել: