ՄԻՊ-ը Գյումրիում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է մարզում մարդու իրավունքների ոլորտի խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ շարունակվում է: Պաշտպանը դեկտեմբերի 26-ին Գյումրիում հանդիպել է մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները, հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։
Քննարկվել են սոցիալական, բնապահպանական, կրթական, կանանց, երեխաների, երիտասարդների իրավունքներին վերաբերելի հարցեր:
«Որպես Պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը չափազանց կարևոր եմ համարում: Ինձ համար առանցքային է անձամբ Ձեզանից լսել մարդու իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Պաշտպանը՝ ողջունելով քննարկման մասնակիցներին:
ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները և մտահոգությունները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այդ համագործակցության արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրները համատեղ աշխատանքով լուծելու նպատակով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։