չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՄԻՊ-ը Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում «Մարդու իրավունքների ամառային դպրոցներ» ծրագրի շրջանակներում անցկացրել է խմբային պարապմունքներ

ՄԻՊ-ը Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում «Մարդու իրավունքների ամառային դպրոցներ» ծրագրի շրջանակներում անցկացրել է խմբային պարապմունքներ

Պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում «Հայաստանի մանուկներ»  («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների ամառային դպրոցներ» ծրագրի շրջանակներում  անցկացրել է խմբային պարապմունքներ:

Նպատակն էր անդրադառնալ մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարախոսությանը,  երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, այդ ոլորտում Պաշտպանի գործառույթներին ու լիազորություններին:

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու` որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել կրթության միջոցով և մեր օրինակելի վարքագծով։ Մենք պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը», - ասել է Անահիտ Մանասյանը:

Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ երեխաները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են բուլինգի դեպքերի արձագանքման մեխանիզմներին, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովմանը, երեխաների լսված լինելու իրավունքին և այլն:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել երեխաներին հետաքրքիր զրույցի համար և ընդգծել նման հանդիպումների շարունակականության կարևորությունը:

  • Կիսվել: