երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻՊ-ն ու Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ն ու Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը:

Պարոն Մարտին Չունգոնգն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

  • Կիսվել: